Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

440332952_862588005910119_6030076018396727694_n

Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակներում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող զիջումների և ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգային միջավայրի հաստատման գործընթացներին։ Հայոց Հովվապետը խոսեց նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կարևորության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին։

Անդրադարձ կատարելով ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի՝ Մայր Աթոռի հետ համատեղ իրականացրած միջոցառումներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, ինչը նպաստում է ժողովուրդների միջև համերաշխության ձևավորմանը և խաղաղ գոյակցությանը:

Վեհափառ Հայրապետն ի դեմս պրն. Մեհդի Իմանիփուրի շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար՝ մեծապես գնահատելով նաև Իրանում հայկական հոգևոր-մշակութային արժեքների և հայ համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքը:

Իր հերթին պրն․ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Հայոց Հայրապետին ներկայացրեց երկու երկրների միջև կրթական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։

Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը վստահություն հայտնեց, որ կրոնների միջև երկխոսությունն ու համագործակցությունը կարևոր խթան կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչողության, բարեկամության ամրապնդման և տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման գործում:

--00—ՅՄ