Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևորագույն նշանակություն ունի. ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ահագն

Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ–ն.

«Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքից, այդ աննախադեպ հանցագործության հետևանքով միլիոնավոր հայեր ստիպված եղան բռնագաղթել և հաստատվել աշխարհի տարբեր անկյուններում. սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության կազմակերպված զանգվածային ոչնչացմանը:

Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևորագույն նշանակություն ունի:

Այսօր համայն հայությունը՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Համոզված ենք, որ միայն հայկական երկու հանրապետությունների և Հայրենիք-Սփյուռք միասնության շարունակական հզորացման և ամրապնդման միջոցով է հնարավոր հաղթահարել Հայոց Ցեղասպանության անամոքելի վիշտը և երաշխավորել իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքը»։