Լավրովը տեսակապի ժամանակ անդրադարձել է Հայաստանի գազի սակագնի բարձացման թեմային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Գորչակով» հիմնադրամում անցկացվող տեսակապով կլոր սեղանի ժամանակ հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին  պատասխանելիս անդրադարձել է գազի սակագնի թեմային և հայտարարել, որ էներգակիների գների նման անկման պարագայում անգամ պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում՝ Հայաստանի ու Բելառուսի համար:

Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից երկու-երեք անգամ ցածր, և դա ընկալվում էր, որ այդպես էլ պետք է լինի։

«Ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին, որ մեզ այդպես է հասնում», - ասել է Լավրովը և հավելել, որ տրամաբանություն է տեսնում գազի գների վերանայման հարցը բարձրացնելու մեջ:

«Կարծում եմ, որ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ: Բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ այժմ գտնվում է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ՝ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում ստացվել են ինչպես Բելառուսի, այնպես էլ հայ գործընկերներից, հաշվի են առնվում մեր դաշնակցային հարաբերությունները: Բայց, կարծես, սխալ է հիշել դրա մասին միայն այն դեպքում, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակ է դառնում այն իրավիճակին, որը երեք-չորս տարի առաջ էր», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար:

Ըստ Լավրովի՝ Հայաստանի դեպքում մի քանի տարի չլուծված խնդիրներից մեկը Հայաստանում ներքին սակագներն է, որ բարդացնում է գնագոյացման հարցում առավել գերադասելի մոտեցումների կիրառումը:

«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա այն պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում: Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մեծ հույս ունենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսված դատական գործընթացները համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու», կկարգավորվեն՝ առանց դրանց խառնելով  բաներ, որոնք անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին:

Եվ ես այս մասին շատ անկեղծ եմ խոսում, քանի որ զարգացել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները: Հուսով եմ, որ մենք կկարգավորենք այս բոլոր խնդիրները փոխադարձ հարգանքի պայմաններով», - ասել է Լավրովը: