Բլինքենը Լավրովի հետ զրույցում կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Ըստ խոսնակի՝ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը երկկողմ ձևաչափով և դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ ջանքերով շարունակելու կարծիքների փոխանակումը անվտանգության փոխադարձ անհանգստությունների վերաբերյալ:

«Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այնպես էլ բոլոր երկրների իրավունքին՝ որոշելու իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրելու իրենց դաշնակիցներին: Պետքարտուղարը լարվածության անհապաղ թուլացման (դեէսկալացիայի) և զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի սահմաններից հեռացնելու կոչ է արել Ռուսաստանին: Նա ընդգծել է, որ հետագա ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի շատ արագ և ծանր հետևանքների, և կոչ է արել Ռուսաստանին գնալու դիվանագիտական ճանապարհով», - հաղորդել է Պետդեպի խոսնակը:

--00--ԱՀ