Թուրքիան չի կարող ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դերակատարում ունենալ. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

աննա
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը։

Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպես եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։ 

Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարը Մևլութ Չավուշողլուն օրերս ընդունել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին: Հանդիպման ժամանակ Չավուշողլուն ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ ։  Որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում», - գրել է Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։ 

​Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հանդիպմանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել էր նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

«Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»,-գրել էր նա: