Հարկադիր կատարողը քննարկել է 10 և ավելի աշխատող ունեցող գործատուի վճարման տարբերակները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Բեգյան

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը փետրվարի 10-ին անցկացրել է ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են  հունվարի ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

Զեկուցվել  է, որ 2020 թ․ հունվարի ընթացքում Ծառայության կողմից պահանջատերերի օգտին վերականգնվել է 2 միլիարդ 294 միլիոն 611 հազար ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշը 7,7 %-ով: 

Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 130․087 վարույթի, կարճվել և ավարտվել է 95․894 կատարողական վարույթ:

Խորհրդակցության ընթացքում ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել  6571 քաղաքացի։

Անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ 2020 թ․ հունվարի 1-ից Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը նշել է՝ հնարավոր է լինեն դեպքեր, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիները, տեսնելով աշխատավարձի բանկային հաշվեհամարի վրա կիրառված արգելանքը, ներկայացնեն համապատասխան տեղեկանք՝ տրված գործատուի կողմից:

«Նման դեպքերը պետք է պահել ուշադրության կենտրոնում և օպերատիվ ընթացք տալ յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի տնօրինմանը վերաբերող դիմումին, ինչպես նաև բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և դրա վերացման սահմանված ընթացակարգերը», -ասել է Դավիթ Բեգինյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ։