Բադասյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ռուս

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով։ Ռուստամ Բադասյանի ուղերձը՝ ստորև․

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի, ծառայության կազմավորման 22-ամյակի կապակցությամբ և մաղթում բարձր պատասխանատվություն՝ պետության համար այդչափ կարևոր առաքելությունն իրականացնելիս: Արմատական բարեփոխումների փուլում գտնվող Ծառայության ղեկավար անձնակազմի առջև դրված է շատ կարևոր խնդիր՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման և օրենսդրական նոր լուծումների միջոցով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Համաձայն եմ՝ հեշտ խնդիրներից չէ, բայց տքնաջան աշխատանքի և մեծ նվիրումի շնորհիվ, վստահ եմ, որ համատեղ ուժերով կհասնենք մեր նպատակին: Համակարգի արդյունավետության բարձրացմամբ հետևողականորեն ձգտելու ենք նաև սոցիալական երաշխիքների և պատշաճ վարձատրության պայմանների ապահովմանը: Շնորհակալ եմ հսկայածավալ աշխատանքն անտրտունջ իրականացնող հարկադիր կատարողներին և ծառայության մյուս աշխատակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հաջողություն և առողջություն»։