ՍԴ-ում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի կամավոր լինել. Ջ. Բուքիքիո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

.

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն` անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՍԴ նախագահի դեմ Հայաստանի իշխանությունների քայլերին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:

Ցանկանում եմ հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա:

Հանրային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակի լարվածություն թուլացմանը:

Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:

Նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թեթևացնել այս տագնապալի իրավիճակը՝ Հայաստանի Սահմանադրության  բնականոն գործունեությունն ապահովելու համար»: