Տաթևի վանքի մոտ ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

photo_2024-04-19_10-47-34

Տաթևի վանքի  շրջակայքում  մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ: Բացի մրգատու ծառերից,  այգում տնկվելու է նաև սոսի՝  Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:

«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն  ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է  բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ,  այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք  համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս  զորակցությունը հայտնելու  Բաքվի բանտում ապօրինի պահվող  Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Պտղատու  ծառերի տունկը շարունակվելու է  ողջ ապրիլ ամսվա ընթացքում:  Ծրագրին կարող են  մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը:   Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը։

--00—ՅՄ