«Անհանգստությունները ՌԴ գործողությունների հետևանք են»․ Միլլերը՝ Զախարովային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ը.

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում անհանգստությունները, որոնց մենք ականատես ենք լինում տարածաշրջանում, Ռուսաստանի գործողությունների հետևանք են», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի երեկվա հայտարարություններին։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Մարիա Զախարովան Տելեգրամի իր էջում գրել էր, թե «Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առջև վերածվում է «հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։ Նա Արևմուտքին մեղադրել է «Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելու, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելու, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելու» համար։

Զախարովան նաև ասել էր, որ Մոսկվային անհանգստացնում է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը՝ նշելով, որ այն Ռուսաստանի դեմ է։

Միլլերն արձագանքել է նաև այս հայտարարությանը՝ վերահաստատելով նախորդ օրվա իր խոսքերը՝ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ և ուրիշ ոչինչ:

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Հանդիպման օրակարգի մասին ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդհանուր տեղեկություններ հայտնել՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»՝ նշելով՝ «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

Պատասխանելով Բաքվից հնչած մեղադրանքներին Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։