Գործադիրը հավանություն տվեց ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

եմ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված էր նաև ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Կառավարությունը որոշում ընդունեց վավերացնել այն։

Որոշման մեջ նշվում է․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին»։

--00—ԼՀ