Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է սպանել բնակչի՞. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Քաղաքացին եկել էր մեզ մոտ, փորձում էր մտնել համայնքի ղեկավարի մոտ, բայց ներսում ժողով էր և ես թույլ չտվեցի։ Եվ շատ հարգալից ձևով ասեցի, որ գիտե՞ք, այսօր հա՛մ ընդունելության օր չէ, հա՛մ էլ համայնքի ղեկավարի մոտ ժողով է։ Այս մասին 24News-ին ասաց Ստեփանավան համայնքի ղեկավարի գործավարուհի Լուսինե Ներկարարյանը՝ պարզաբանում տալով քիչ առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի տարածած տեղեկատվության վերաբերյալ, որ «Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է կտրել քաղաքացու կոկորդը»։

«Նա սկսեց իրեն շատ անշնորհք պահել՝ հայհոյանքներ հնչեցնել, ես էլ ասեցի՝ դուրս եկեք։ Եվ արդեն ավելի ուշ մենք տեղեկացանք, որ նման բաներ է ասել, որ իրեն էստեղ նեղացրել են»,- մանրամասնեց գործավարուհին։

Գործավարուհու խոսքով, քաղաքապետ Արմեն Գրիգորյանը քաղաքացու հետ որևէ առնչություն չի ունեցել․ «Նա այստեղից որևէ քերծվածքով անգամ դուրս չի եկել»։ Մենք հետաքրքրվեցինք, նաև անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հնարավորության մասը, վերջինս նշեց․ «Մենք անվտանգության աշխատակից չունենք, ունենք 2 պահակ, նրանցից մեկը, որն այսօր աշխատանքի էր, ներքևում նստած է եղել, տարիքով մարդ է, նա չէր կարող ձեռք բարձրացնել։ Մենք նրան հարգալից ձևով խնդրել ենք, որ շենքից դուրս գա, որովհետև ինքը իրեն շատ տգեղ էր պահում»,- ասաց Լուսինե Ներկարարյանը։

Գործավարուհին նաև նշեց, որ կատարվածի առնչությամբ գրություն են ուղարկել ոստիկանություն։

24News-ը կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանություն, տեղեկատվությունը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ