Եկեղեցին տոնում է Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ա

Այս տարի նոյեմբերի 18-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրը, գրում է qahana.am-ը։

Մեծ է եղել նրանց դերը քրիստոնեության հաստատման գործում, նշում է Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

Ըստ քահանայի՝ Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը տոնվում է Հիսնակաց պահքին նախորդող շաբաթ օրը, սակայն հիմնականում մատուցվում է Սուրբ Պատարագ նրանց անունները կրող եկեղեցիներում:

Պտուղներ, որոնք ճաշակում ենք

«12 առաքյալները հանդիսանում են Քրիստոսի այն աշակերտները, որոնք դարձան սյուն՝ քրիստոնեական եկեղեցու հաստատաման և տարածման համար»,-նշում է քահանան: Հավելում է՝ շատ կարևոր է, որ այսօր հիշատակվի առաքյալների գործը, քանի որ նրանք ժամանակին ցրեցին հեթանոսական խավարը, լուսավորեցին մարդկանց.
«Այն հունդերը, որ նրանք սերմանեցին, տվեցին իրենց ճյուղերն ու հասան մեր օրեր: Դա իր արմատներով, ճյուղերով մի ծառ է: Մեկն առանց մյուսի չէր կարող լինել: Առաքյալների քարոզչության պտուղները այսօր համաշխարհային մաշստաբով քրիստոնյա աշխարհը ճաշակում է»:

«Նախակոչ Առաքյալ»-ը. Սուրբ Անդրեաս

Սուրբ Անդրեասը անվանվում է «Նախակոչ Առաքյալ»: Համարվում է Քրիստոսի ընտրած առաջին առաքյալը: Նա եղել է Սուրբ Հովհաննես Մկրտչի աշակերտներից: Նրանից լսել է Հիսուսի մասին. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» վկայությունը, հետևել նրան (Հովհ. 1:35-40): Եղբոր՝ Պետրոսի հետ հրավիրվել է առաքելության:

Ըստ քահանայի՝ այս առաքյալի մասին պատմվում է մի շարք տեղերում: Վերջին ընթրիքի ժամանակ նա հարց է տալիս Քրիստոսին Հայր Աստծո մասին,-«Ասում է՝ ցո՛ւյց տուր Հայր Աստծուն, և Քրիստոս պատասխանում է՝ եթե տեսնում ես ինձ, Հայր Աստծուն ես տեսել»:

Տեր Զգոնի խոսքով՝ պատմիչները վկայում են, որ Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Իր գործունեությունից, եկեղեցիներ կառուցելուց հետո՝ վերադարձել է Հունաստան՝ քարոզչություն է ծավալել Պարտաս քաղաքում.

«Այդ տարածքի քաղաքապետն է բորբոքվել չարությամբ նրա դեմ: Կամեցել է մահվան ենթարկել Անդրեասին: Ժողովուրդը դիմակայություն է ցուցաբերել, այնուամենայնիվ, կարողացել են նրան ձերբակալել և կապել խաչին»:

Առաքյալը երկար մնացել է կապված, բայց մինչև վերջ շարունակել է քարոզել ժողովրդին:

Հավատարիմ Տիրոջը. Սուրբ Փիլիպպոս

«Ավանդությունը հաղորդում է, որ բազմատեսակ հրաշքներ են կատարվել իր քարոզչության ժամանակաշրջանում: Բացվել են բազմաթիվ կույրերի աչքեր, մարդիկ բուժվել են անբուժելի հիվանդություններից: Այդ ամենը օգնել է քրիստոնեության քարոզչությանը»,-նշում է Տեր Զգոնը՝ խոսելով Սուրբ Փիլիպպոսի մասին:

Քահանայի խոսքով՝ նրա մասին տեղեկանում ենք՝ կարդալով հացի բազմացման հրաշքի մասին:

Ըստ տեղեկության՝ հայոց Աբգար թագավորի պատվիրակությանը նույնպես ինքն է դիմավորել և ներկայացրել Քրիստոսին:

Փիլիպպոսը քարոզչության նախնական փուլը սկսել է Հունաստանում: Եղել է մի շարք քաղաքներում: Ըստ տեղեկության՝ երբ քարոզելիս է եղել, հույները լուր են ուղարկել Երուսաղեմ՝ հրեա քահանայապետերին, որ առաքյալ է եկել: Նրա նկատմամբ սկսել են հնչեցնել մեղադրանքներ, փորձել ծեծի ենթարկել.

«Ըստ ավանդության՝ այստեղ տեղի ունեցավ հրաշքը: Բոլորը կուրացան: Ժողովրդի աչքի առաջ Փիլիպպոսը աղոթք բարձրացրեց առ Աստված՝ խնդրելով, որ իրենց աչքերը կրկին բացվեն: Կատարված հրաշքից հետո ժողովուրդն ընդունեց քրիստոնեությունը, շատերը մկրտվեցին»։

Սուրբ Փիլիպպոսն այդ դեպքից հետո մարդկանց լուսավորել է այլ քաղաքներում: Ինչպես Անդրեաս առաքյալը նա ևս ենթարկվել է երկար չարչարանքների ու նահատակվել, բայց հավատարիմ է մնացել Տիրոջը:

Երկու սրբերն էլ ապրել ու նահատակվել են հանուն հավատի:

 --00—ԼՀ