Հացի փռերը 24 ժամ աշխատում են, Սյունիքը շուրջօրյա ռեժիմով ընդունում է բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մարզպ

 Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ԼՂ բնակիչներով լեփ-լեցուն է»,-ասաց Ղուկասյանը:

Մարզում ստեղծվել է 350-հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզպետի ողջ աշխատակազմը:

«Գերլարված նյարդերով և ուժով ենք աշխատում: Մարզը մեծ պատվով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բնականաբար սա աղետ է, խնդիրները բազմազան են, սակայն անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մարդիկ, որոնք մնացել են Հակարի կամրջի մոտ, խցանումների մեջ են, ինչ-որ կերպ հասնեն այստեղ»,-ասաց մարզպետը:

Նա նշեց՝ հիմնական բեռը Սյունիքի վրա է, սակայն այնտեղից ուղարկում են բոլոր մարզեր: Բոլորին դիմավորում են Սյունիքում, փորձում հասկանալ կարիքները, ըստ անհրաժեշտության օգնում են հասնել տարբեր մարզեր: 

«Բոլոր խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են: Խնդիրն ուղղակի փողոցներն են, որ ամբողջությամբ պարալիզացված են, որովհետև տասնյակ հազարավոր մեքենաներ են այստեղ: Սա է բուն խնդիրը, որ դանդաղեցնում է մեր աշխատանքը: Մնացածը՝ սննդի, դեղորայքի հետ կապված, որևէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ և ջուր ենք  մատակարարում»,-ասաց մարզպետը:

--00—ԼՀ