Ավստրիան դեմ է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

մ

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը և կոչ է արել մշակել Անկարայի հետ Բրյուսելի համագործակցության նոր ձևաչափ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանցլերն այս մասին ասել է Die Welt պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք կողմ ենք Անկարայի և Բրյուսելի հետագա մերձեցմանը, սակայն չենք կարող պատկերացնել Թուրքիայի լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին, - ասել է Նեհամերը։ - Կարևոր է, որ մենք ազնվորեն վերաբերվենք միմյանց, իսկ դա ներառում է նաև ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկար տարիներ սառեցված բանակցությունների պաշտոնական դադարեցում և բարիդրացիական համագործակցության նոր հայեցակարգի մշակում»։

Այս համատեքստում կանցլերը հանդես է եկել ԵՄ-ի և Թուրքիայի միջև նոր գործընկերության ստեղծման օգտին՝ հիմնված «փոխադարձ վստահության և տնտեսական ու քաղաքական հարցերի շուրջ համագործակցության վրա»։ Նա շեշտել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ-ի համար շատ կարևոր գործընկեր։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կոչ էր արել արագացնել ԵՄ-ին իր երկրի անդամակցության գործընթացը։

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության թեկնածու է եղել 1999 թ․-ից: Կողմերի միջև այդ հարցի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թ․-ին։ Die Welt-ը հիշեցնում է, որ 2018 թ․-ից բանակցությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով Թուրքիայում օրենքի գերակայության և հիմնարար ժողովրդավարական իրավունքների շարունակվող խախտումները։

--00—ԼՀ