Փաշինյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

243925

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին:

Վարչապետ Փաշինյանը ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

Վրաստանի վարչապետը  հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատման:

Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ պատրաստակամ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

--00—ՅՄ