Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք անվտանգային, տարածաշրջանային հարցեր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։

Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:

Նիստի ունեցած ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու ձեզ և իմ գործընկերոջը՝ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստին: Երկու երկրների վարչապետների մակարդակով այս նիստի նախագահումը մեկ անգամ ևս վկայում է երկկողմ հարաբերությունների արժևորման և փոխգործակցության օրակարգը բարձր հոգածության ներքո պահելու մասին:

Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ երկարատև դադարից հետո՝ 2019 թվականից մինչև օրս, միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը:

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, գիտություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Վստահ եմ, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:

Անշուշտ, պարոն վարչապետի հետ բացի երկկողմ տնտեսական բնույթի հարցերից, քննարկման ենթակա են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցեր: Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև դարավոր կապերով և հայ-վրացական եղբայրական հարաբերությունների գերակայության գիտակցմամբ:

Թույլ տվեք հաջողություն մաղթել երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ, որի իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել ամենօրյա անխոնջ հոգածություն:

Շնորհակալություն»:

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:

Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

--00—ՅՄ