Արդյո՞ք նոր «պատմության» մեջ է ընկել Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

քպ

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ օրվա ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկություններ էինք ստանում, որ երկու օր առաջ հերթական «պատմության» մեջ է ընկել Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Ըստ տարբեր աղբյուրների, նա եղել է ծեծկռտուքի մասնակից: Ավելին, կային տեղեկություններ, որ միջադեպը իրավապահների կողմից գրանցված է, նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքը Շնողի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանի մասին է: Ի դեպ, նրա վերաբերյալ ԶԼՄ­ներում մի շարք աղմկոտ հրապարակումներ կան՝ անտառահատումների, համագյուղացուն ծեծի ենթարկելու, լրագրողի աշխատանքը  խոչընդոտելու հետ կապված և այլն:

2019 թվականին նույնիսկ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և միայն չորս տարի անց՝ այս տարվա մայիսին, արդեն ՔՊ խմբակցության ղեկավարի կարգավիճակ ունեցող Ղումաշյանը դաատրանի վճռով արդարացվել էր՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Փաստ» թերթը դիմեց Դավիթ Ղումաշյանին՝ ճշտելու՝ որքանով են հավաստի ծեծկռտուքի մասին նշյալ տեղեկությունները:

Նա մեր լրագրողի հետ հեռախոսազրույցում ասաց. «Տեղեկություններ չունեմ, թե ինչի մասին է խոսքը, որևէ վեճի կամ կռվի չեմ մասնակցել»: Դիմեցինք նաև ՆԳՆ՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք նման որևէ միջադեպ գրանցված է ոստիկանությունում: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց. «Ոստիկանության Ալավերդու բաժնում նման հաղորդում, ահազանգ չի ստացվել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

--00—ԱՊ