Բրյուսելում Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչները քննարկեցին ծրագիր՝ ի աջակցություն Արցախի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news

Screenshot_3

Երեկ Բրյուսելում կայացավ Եվրոպայի մի շարք երկրների հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչների հանդիպում։ Ներկայացված էին Եվրամիության այն անդամ-երկրները, որտեղ հայ համայնքն ունի միասնական ներկայացուցչական մարմին, այն է՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան և Ռումինիան։ Հանդիպումը կազմակերպել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը։

Բրյուսելյան ժողովի գլխավոր նպատակն էր քննարկել Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը և համախմբել, ինչպես նաև զորաշարժի ենթարկել Եվրամիությունում հայկական սփյուռքին՝ ի պաշտպանություն Արցախահայության անքակտելի իրավունքների։

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները իրենց անվերպահ աջակցությունն արտահայտեցին Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին, ինչպես նաև իրենց միասնական դիրքորոշումը հայտնեցին՝ ի պաշտպանություն Արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի։ Ընդգծվեց, որ անընդունելի է հրաժարվել Արցախի ազատ ինքնորոշան իրավունքից՝ հաշվի առնելով տասնամյակների բանակցային գործընթացի ժառանգությունը, ինչպես նաև այն փաստը, որ ինքնորոշման իրավունքը հավասարազոր է Արցախահայության՝ իրենց իսկ հայրենիքում ազատ ապրելու իրավունքին։

Շեշտվեց, որ Ադրբեջանն Արցախում իրականացնում է էթնիկ զտման հստակ քաղաքականություն, ինչպես նաև հանդես գալիս ագրեսիվ, առավելապաշտական դիրքորոշմամբ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որին պետք է ընդդիմանալ՝ համախմբելով սփյուռքի ներուժը և օգտագործելով հասանելի ողջ գործիքակազմը։   

Ժողովի մասնակիցնները քննարկեցին առաջիկա քայլերի համաեվրոպական ծրագիր, և որպես Եվրամիության անդամ-երկրների պահանջատեր քաղաքացիներ, հստակեցրին միասնական  դիրքորոշում՝ ուղղված Եվրամիության, Եվրախորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ-երկրների ղեկավարներին՝ հորդորելով վերջիններիս հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանությանը և  արդյունավետ ճնշման գործիքակազմ կիրառել  Ադրբեջանի վրա։ Որոշում կայացվեց նախաձեռնությունների շարք սկսել։ Այս և այլ նախաձեռնությունների վերաբերյալ հանրությանը մանրամասներ կներկայացվեն մոտ ապագայում։

--00—ՅՄ