Հետախուզում է հայտարարվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

83ce61bb-d45a-4fbf-b9c2-6d4fa1dfd9fa.jpg
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, Արաբկիրի նախկին թաղապետ 55-ամյա Հովհաննես Շահինյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔրՕրի 296 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացում առանձնապես խոշոր չափերով, որը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով) հատկանիշներով։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հ. Շահինյանը չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։ 

Հոդված 296.    Փողերի լվացումը
1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածի իմաստով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել է կամ առաջացել սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում։

--00—ԶՀ