Օր առաջ պետք է պատժել ագրեսոր Ադրբեջանին, քանի որ անպատժելիությունը բերում է նոր ցեղասպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

photo_2023-06-16_12-13-32

Քաղաքակիրթ աշխարհի թողտվությամբ Ադրբեջանն արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 25 հայ բուժառուների, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տասնյակ անձանց և հումանիտար բեռների փոխադրումը։ Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները:

Ադրբեջանական կողմը չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց փոխադրումը, ովքեր ստիպված վերադարձել են Ստեփանակերտ:

Չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող տասնյակ անձանց, հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։

Ադրբեջանը, վերոնշյալ քայլերով, հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ Բերձորի միջանցքով անվտանգ և անխոչընդոտ փոխադրումն ապահովելու իր միջազգային պարտավորությունները, անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը:

Քաղաքակիրթ աշխարհն ի վերջո պետք է հասկանա, որ Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականության հերթական դրևորումն ապացույցն է այն անհերքելի փաստի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, օր առաջ պետք է պատժել ագրեսոր Ադրբեջանին, քանի որ անպատժելիությունը, ինչպես պատմությունն է ապացուցում, բերում է նոր ցեղասպանություն։

--00—ՅՄ