Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ed326b1a-79dc-4f78-8903-9d45df2f08e9.jpg

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը: Օրերս ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը տեղեկացրեց, որ արդյունքում հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը:

«Ենթադրենք քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: Դրա համար առանձին-առանձին գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա: Այժմ աշխատակիցը մեկ գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, արդյունքում խնայվում է թե քաղաքացու, թե աշխատակցի ժամանակը»,-ասաց Խաչատուր Իգիթյանը:

Քաղաքացիների սպասարկման գործընթացն առավել բարելավելու համար գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը ներկայացրեց ներդրված էլեկտրոնային գործիքակազմը: Ծառայության պաշտոնական կայք էջում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որտեղ գրանցվելով, քաղաքացին հնարավորություն է ունենալու ծանոթանալու իր նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետևել կատարողական գործողությունների ընթացքին, վճարումների դեպքում հետևել դրանց շարժընթացքին:

«Այս գործիքի նպատակն է քաղաքացուն վերաբերող կատարողական վարույթներին մասնակից դարձնելը, այդ համատեքստում ցանկացած տեղեկատվություն ստանալու համար հասանելիություն, մատչելիություն ապահովելն է: Այս պարագայում քաղաքացին ավելի շուտ է իրազեկվում իր նկատմամբ առկա կատարողական վարույթների մասին, քան ծրարը նրան հասնում է»,-ասաց Վարդուհի Պետրոսյանը: Էլեկտրոնային հարթակն արդեն մոտ մեկ տարի է՝ գործարկվել է: Մեկնարկային փուլում ծրագրից օգտվում էր 2000, այսօր արդեն 7 հազարից ավելի քաղաքացի:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քաղաքացիների համար նախատեսված սպասարկման սրահն այժմ հասանելի է վերանորոգված ու վերազինված տարբերակով:  Ներդրվել է հերթերի կառավարման նոր համակարգ:

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից է Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը, երբ քաղաքացին վճարում է, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշվից կրկին գանձվում է այդ գումարը: Կրկնակի գանձված գումարն էլ հետ վերադարձնելու համար քաղաքացին ստիպված է լինում քաշքշուկների միջով անցնել: Վարդուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ համակարգային մոտեցում է ցուցաբերվում:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կենտրոնական բանկի և մյուս գործընկերների հետ համապատասխան ծրագրային բարելավումներ է կատարել, որը նպատակ ունի հետագայում բացառել կրկնակի գանձնման գործընթացները: Օրինակ, քաղաքացին խախտումը կատարել է, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ուշ է վճարում, դա այն փուլն է, երբ արդեն վարույթ է հարուցվում ծառայությունում: Նման դեպքում բռնագանձումը կատարվում է ավտոմատ կերպով, և հարկադիր կատարողը չի կարողանում տեսնել այդ պահին քաղաքացին վճարում կատարել է, թե ոչ: Նոր ծրագրով այդ բացերը կլրացվեն ու հետագայում կբացառվեն կրկնակի գանձումները կամ վճարումները»,-ասաց Վարդուհի Պետրոսյանը:

Թե երբ այդ նոր ծրագրային բարելավումը կլինի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչը դժվարացավ ժամկետներ նշել: Միայն ընդգծեց, որ կա պատկան գերատեսչությունների պատրաստակամությունը, ծրագրային սպասարկումը, մնում է այն ամբողջական գործարկվի:

--00—ԶՀ