ԵՄ նոր աջակցությունն ուղղված ՆԳՆ կազմավորմանը. Արփինե Սարգսյանն ընդունել է ծրագրի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Մայիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության պատվիրակությանը՝ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասի և ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Սիլյա Կասմանի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի փորձագետներն ու Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը։

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել մայիսի 2-ին մեկնարկած Եվրամիության նոր ծրագիրը, ինչը միտված է աջակցելու Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ։

Թոմաս Բիկմանասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է իրենց առաքելության մանրամասները՝ ընդգծելով ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների համար նախատեսվող աջակցության նպատակները և պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ ծրագրի բարեհաջող ընթացք ապահովելու նպատակով։

Արփինե Սարգսյանը, մատնանշելով մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կարևորել է հատկապես Ներքին գործերի նախարարության կայացման, նաև պատշաճ գործունեության ապահովմանն ուղղվելիք ծրագրերը՝ միտված թափանցիկ և հաշվետու գործունեություն ունենալուն, և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպմանը քննարկվել են ոստիկանությունում, փրկարար, միգրացիոն և քաղաքացիության ծառայություններում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակներում իրականացնել ընթացիկ պլանավորում, ունենալ աշխատանքային գործողությունների ծրագիր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել առաջիկա վեց ամսվա գործողությունների պլանը։

Նշենք, որ երկամյա ծրագիրն իրականացնելու են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում /CEPA/ և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ, ինչի հիմնական նպատակներն են աջակցել ՆԳ նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

--00—ԶՀ