Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Մեր կողմից կան չորս վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել Բրյուսելում եռակողմ և Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,-նշեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով, Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցած որևէ առաջընթաց զրոյացնելու համար․ «Սա է տեղի ունենում հիմա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ