Կարմրուկի ամենավտանգավոր թիրախը երեխաներն են, կարող է զարգանալ էնցեֆալիտ, ինչը կարող է բերել մահվան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

254619

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել, մի քանի տարի առաջ եղել էին այլ երկրներից բերված հատուկենտ դեպքեր, որոնք կատարված համալիր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ տարածում չէին ստացել այստեղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝  նշելով, որ սա պետք է բոլորի համար ահազանգ լինի կարմրուկի դեմ պայքարի ուժգնացման։

Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Ամենավտանգավոր թիրախը կարմրուկի համար հանդիսանում են երեխաները, որոնց մոտ կարող է զարգանալ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում և այտուց), ինչը կարող է բերել ընդհուպ մինչև մահվան։

Կարմրուկի կանխարգելման ըստ էության միակ միջոցը պատվաստումն է։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, անհրաժեշտ է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»:

Հիշեցնենք, երեկ՝ մարտի 3-ին, Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են:

--00—ՅՄ