Մեքսիկայի դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ ք. Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանրապետության նախագահը ողջունելով դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու հայ-մեքսիկական հարաբերությունների սերտացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեքսիկայի և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարներ ունեցող ոլորտներն ու առկա ներուժը: Երկուստեք շեշտվել է երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու կարևորությունը՝ բարեկամական, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է Հայաստանի միանշանակ մոտեցումը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հարցում:

Դեսպան Մեխիասն իր խոսքում ընդգծել է իր և մեքսիկական կողմի պատրաստակամությունը հնարավորության սահմաններում նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մեքսիկայի միջև կրթության, գիտության, համատեղ համալսարանական և գիտական ծրագրերի իրականացման ներուժի, ինչպես նաև գործարար օղակների շփումների խթանման վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են ակտիվ միջխորհրդարանական դիվանագիտության դերը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների հնարավորությունները:

--00—ՅՄ