Կառուցապատվող օբյեկտներում կսահմանվի հսկողություն՝ նախագծային շեղումները բացառելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

1105125

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետը հանձնարարել է կառուցապատվող օբյեկտներում սահմանել հսկողություն և բացառել նախագծային շեղումներով իրականացվող կառուցապատումը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաշաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը համարվում է ինքնակամ կառույց, չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման՝ համաձայն Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1 մասի:

Ներկայում մայրաքաղաքում կառուցապատման փուլում է ավելի քան 9000 օբյեկտ:

Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել ծանուցել կառուցապատողներին՝ բացառել նախագծային շեղումներով կառուցապատումները, ինչպես նաև իրականացնել մեծածավալ ստուգայցեր շինարարական հրապարակներում։

Թույլ տրված շեղումներով իրականացված կառուցապատվող օբյեկտները կհամարվեն ինքնակամ, և հետագայում դրանց օրինականացման հայտերը քննարկվել չեն կարող։

 🔷«Երքաղլույս» ընկերության պահեստային տարածքում ավարտական փուլում է ավտոմեքենաների համար նոր պարկի կառուցման ու վթարային վիճակում գտնվող շենքերի վերակառուցման գործընթացը: Առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով աշխատակիցների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: 

 🔷Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ. տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր դերակատարում կունենա կիրճի էկոլոգիական վիճակի բարելավման հարցում: 

 🔷Երևանյան լճի հարակից տարածքում ընթացքի մեջ են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի լանդշաֆտին համահունչ քարապարտեզների ձևավորում: 

 🔷Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Կանգառների գույքագրման գործընթացն արդեն սկսված է:

 🔷Մայրաքաղաքում «workout» մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են կահավորված հատուկ մարզահրապարակներ: Գործընթացն ավարտական փուլում է  Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում:

--00—ՅՄ