Մտել էր գոմ՝ անասուն գողանալու, քլունգով հարվածել անասնատիրոջը, փախել, հետո՝ բռնվել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային շրջանի սալջարդ վերք, քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն էր դիմել Օշական գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ իրենց անասնագոմում իրեն ծեծել են քլունգով:

Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների ադրյունքում պարզվեց, որ անասնագողության փորձ անողն ու քլունգով վնասվածք հասցնողը տուժած տղամարդու մոտ հովիվ աշխատող համագյուղացին է, 22 տարեկան մի երիտասարդ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Աշտարակի ոստիկանները սկսեցին 22-ամյա երիտասարդի փնտրտուքը:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում քրեական հետախույզները հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 22-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ գողության նպատակով մտել էր գոմ, հետո էլ քլունգով հարվածել անասնատիրոջն ու դիմել փախուստի: Բայց սա դեռ բոլորը չէր:

Աշտարակի քրեական հետախույզների հետագա գործողությունների արդյունքում պարզվեց, որ անասնատիրոջ և հովվի հարաբերությունները ժամանակին եղել են գործընկերային, երբեմն էլ` չափից դուրս: Նրանք անցած տարվա դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող մի առանձնատան եվրոպատուհանը բացել, մտել էին ներս և գողացել հեռուստացույց, 200 լիտր տարողությամբ 16 պլաստիկ տարա, սպասք ու հագուստներ, որոնք անասնատիրոջ «ՈՒԱԶ-ով» տեղափոխել էին նրա տուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

--00—ԼՄ