Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նիստից շատ բան չպետք է սպասել, անդամների կոչերը լղոզված են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ս

ՄԱԿ անվտանգության խորհրդում կա շահերի բախում, քանի որ գնում է պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի այսօրվա փակ նիստին, որին նախատեսվում էր անդրադարձ Լաչինի միջանցքի փակման խնդրին։

Այսօր հայտնի էր դարձել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի նիստ գումարելու մասին։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Մայրուղու արգելափակման հետեւանքով արցախահայությունը հումանիտար լուրջ խնդիրների առջեւ է կանգնած։ ԱՀ պետական նախարարի խոհրդական Արտակ Բեգլարյանը նստացույց է իրականցնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ կոչ անելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիայի Հանրապետությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանը, դատապարտել Բաքվի հովանավորությամբ միջացքի փակումը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքերով, Արևմուտք-ՌԴ պայքարը գնալով ավելի սուր կերպով է դրսևորվում ու կապված է Արևմտուքի և Ռուսաստանի, Իրանի միջև հակամարտությամբ, իսկ Արցախը դրա կարևոր կետերից մեկն է։

«ԱԽ-ում լինելու է շահերի բախում, դժվար է ասել՝ ինչ-որ հայտարարություն կլինի՞, թե՞ չի լինի, նիստի մասին մենք տվյալներ կունենա՞նք, թե՞ չենք ունենա, որովհետև այն փակ եղանակով է անցկացվում։ Ես շատ բան չէի սպասի ԱԽ նիստից, որովհետև կան սուվերեն երկրներ, գերտերություններ, օր․՝ ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, որոնք շատ զուսպ են արտահայտվում։ Հատկապես Միացյալ Նահանգների, Բրիատանիայի մասին է խոսքը, իսկ Չինաստանն առանձնապես չի արտահայտվում այս հարցերի վերաբերյալ։

Կարող են պետությունների մակարդակով ինչ-որ հայտարարություններ անել, բայց դրանք շատ լղոզված են ու հիմնականում ուղղված են երկու կողմերին [հայկական և ադրբեջանական]։ Այդ առումով ՄԱԿ ԱԽ-ից մեծ սպասելիքներ չկան», - եզրափակեց Դանիելյանը։ 

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի խնդրանքով այսօր տեղի կունենա ՄԱԿ ԱԽ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի աղբյուրը մանրամասնել էր, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է ուշադրության կենտրոնում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ