Վահագն Ալեքսանյանն իր տեսակով ու որակով հանրային աղետ է․ ՔՊ-ի 99 %-ը նրանից չի տարբերվում․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

- Տիկին Հովսեփյան, երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընտրվել են կուսակցության փոխնախագահները: Նրանք երկուսն են` ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած, մարդ ծեծող Վահագն Ալեքսանյանն ու ՀՀԿ-ից ճամբարափոխ եղած Գեւորգ Պապոյանը:

- Գեւորգ Պապոյանն աշխատող պատգամավոր է: Համեմատության մեջ՝ սա չեմ կարող չասել: Գեւորգ Պապոյանը միակ, քիչ ու եզակի աշխատող պատգամավորն է: Նրա անձնական որակները հիմա չեմ ցանկանում քննարկել: Օրենսդրական առումով նա ի սկզբանե ակտիվ գործունեություն է ծավալել, իհարկե՝ շատ օրենքներ ընդունելի չեն եւ անարդյունավետ են:

- Կոնկրետ ի՞նչ օրենսդրական նախագծերի մասին եք խոսում:

- Օրինակ` անկանխիկ գործարքների հետ կապված նախագիծն անհաջող էր: Այնպես չէ, որ մնացյալ` 99 տոկոսի պես Պապոյանը պարապ-սարապ ման է գալիս: Նրանց ֆոնին Պապոյանը տարբերվում է: Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանին, ապա նա առհասարակ իր տեսակով ու որակով հանրային աղետ է, այդ տեսակ մարդն իրավունք չունի մոտենալ Ազգային ժողովի ամբիոնին, հանդես գալ որպես պատգամավոր: Նա անգամ շարքային քաղաքացիների հետ խոսելու կուլտուրա չունի:

- Նրան նման կարեւոր պաշտոն վստահելն ինչի՞ մասին է խոսում: Նիկոլ Փաշինյանը գուցե քիչ թե շատ խելոք պատգամավորներից վախենո՞ւմ է, նրանց մեջ մրցակի՞ց է տեսնում….

- Էնտեղ ո՞վ է խելոք բայց: Ես խելոք մարդ չեմ տեսնում: Նրանց 99 տոկոսի մոտ որակը նույնն է:

- Գոնե նրանցից շատերը կրթություն ունեն, անգամ սովորել են եվրոպական առաջատար բուհերում: Վահագն Ալեքսանյանն անգամ Սլավոնական համալսարանը չի կարողացել ավարտել…

- Կրթությունն այս պարագայում այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն արժեքային ու մարդկային որակներն են: ՔՊ-ի 99 տոկոսը Վահագն Ալեքսանյանից չի տարբերվում, նույն որակի մարդիկ են: Արժեք ունեցող, կիրթ մարդը չի կարող կառչած մնալ 90-ականների կամ 2000-ականների խնդիրներից՝ այսօր միմիայն խոսելով դրանց մասին, մեղադրելով այլոց: Կիրթ մարդը չի կարող համահայկական այս աղետին նորմալ վերաբերվել կամ, ասենք, աչքերը փակել ու լռել…. ինչի՞ մասին է խոսքը:

- Պնախարար Սուրեն Պապիկյանը զբաղեցնում էր ՔՊ վարչության նախագահի պաշտոնը, սակայն Փաշինյանը, կարծես, նրան պատժեց, այս անգամ որեւէ պաշտոն նա չստացավ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Փաշինյանը վախենում է Սուրեն Պապիկյանից, որ վաղը նա կարող է վարչապետի պաշտոնին հավակնել:

- Իհարկե, վախենում է, կարծում եմ` վաղուց էր վախենում: Սուրեն Պապիկյանի վարկանիշը հենց ՔՊ-ի ներսում բավականին բարձր է: Սա կարող է վախեցնել Նիկոլ Փաշինյանին: Մի ժամանակ ես էլ դրական կարծիք ունեի Սուրեն Պապիկյանի մասին, մինչ այն օրը, երբ արժեքներից անցավ եւ դարձավ այս իշխանության մի մասը: Պատերազմից առաջ այլ էր, հետո` լրիվ այլ: Նսեմացուցիչ իրականության հետ հարմարվելը շատ բան է խոսում հենց հարմարվողների մասին: Ես աշխատում եմ նրանց մասին այլեւս կարծիք չհայտնել: Ժամանակն ու մարդկությունը կտան իրենց գնահատականը:

- Երկրում բավականին ծանր իրավիճակ է: Սահմանից եկող գույժերը դարձել են սովորական բան: Այս ամենի ֆոնին իշխանությունները պատրաստվում են շատ արագ վավերացնել ստամբուլյան կոնվենցիան:

- Այն մեծ փողեր կտա մի քանիսի գրպանին, օրինակ` Մարիա Կարապետյանին եւ այլն: Ամեն բան թուլացնելով Հայաստանը դարձնելով անհասկանալի երկիր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

--00--ԱՀ