Արցախի իշխանությունները ներգրավված չեն «խաղաղության պայմանագրի» նախագծի մշակման բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պատասխանը։

Ինչպես հայտնի է՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները «խաղաղության պայմանագրի» նախագծի մշակման շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում հայտարարել էր, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից:

«Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ»,-ասել էր Փաշինյանը:

Պարզելու համար՝ Արցախի իշխանությունները տեղեկացվա՞ծ են արդյոք՝ ԼՂ հարցը տարանջատվա՞ծ է, թե՞ ոչ, մշակվող փաստաթղթի նախագծի մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ, արձանագրում լինելո՞ւ է, թե՞ ոչ և, եթե այո, ապա ինչպե՞ս է այդ փաստաթուղթն առնչվելու ԼՂ հարցին, «Փաստինֆո»-ն դիմել է Արցախի նախագահի մամուլի խոսնակին։

«Արցախի Հանրապետության իշխանություներն այս պահի դրությամբ ներգրավված չեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին։

Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը եղել և մնում են Արցախի Հանրապետության իշխանությունների քաղաքական ուղենիշը», - նշված է պատասխանում։

--00—ԼՄ