Մանդատ դնելու համար ստորագրահավաք չի արվում, եթե ՔՊ-ն շարունակի արհամարհել՝ ԱԺ-ում անելիք չունենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

քաղաքական

Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե «Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացնում, որպեսզի պատգամավորական մանդատները վայր դնի։ Մենք բազմիցս ասել ենք, որ մանդատները ինքնանպատակ չեն: Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե «Հայաստան»  խմբակցության անդամները որոշել են «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ, որ եթե որոշեն պատգամավորական մանդատներից հրաժարվել, ապա այն տարածվի բոլորի վրա:

«Երբ ընդդիմությունն ասում է, որ իր օրակարգով է խորհրդարան գնալու, դա թող համարվի նախապայման։ Եթե մենք արտահերթ նիստ ենք հրավիրում, այն պետք է կայանա, ոչ թե մեծամասնության չգալով տապալի, կամ երբ նախաձեռնում ենք քննիչ հանձնաժողովի նիստ, պետք է պայմաններ տրվեն: Բայց, եթե ՔՊ-ն ընդդիմությանը միջազգային պարլամենտարիզմով տրված իրավունքների նկատմամբ շարունակի արհամարհական վերաբերմունքը՝ մենք խորհրդարանում անելիք չունենք: Իսկ եթե մեր առաջարկած անվտանգության թեմայով նիստերին, հլու-հնազանդ, գլուխները կախ գան և մեր փաստարկները լսեն, եթե դավաճան չեն՝ քվեարկեն այդ տեսակետի օգտին, այդ ժամանակ մենք խնդիր չունենք ԱԺ-ում աշխատելու համար»,- պարզաբանեց Մինասյանը:

Հարցին, թե մտահոգություն ունե՞ք, որ երբ «Հայաստան» խմբակցությունը մանդատներից հրաժարվի, հնարավոր է ցուցակի հաջորդ համարներն իրենց պատգամավորական մանդատները վերցնեն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Մեր թիվ մեկ մտահոգության առարկան այն չէ, որ մյուս անդամները մանդատները կվերցնեն, նման քննարկումներումներ չկան, բացի այդ՝ ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք մեզ հետ պայքարի ակունքներում են կանգնած, մենք նման մտահոգություն չունենք: Ընդդիմությունը գլուխը կախ չի ենթարկվելու իշխանության պահանջներին, եթե մանդատներից հրաժարվելը ապահովվի իշխանության հրաժարականի եզրափակիչ փուլը, դա էլ կանենք՝ առանց որևէ մտավախության»:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ