Խոսրովի արգելոցում անտառային հրդեհների մարմանն առնչվող ուսումնավարժություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News

Խոսրովի արգելոցում կազմակերպվել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։ Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի անտառ պետական արգելոցը, ինչպես նաև՝ Վեդի խոշորացված համայնքի և Ուրցաձոր համայնքի կամավորները։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի Անտառային ծառայության փորձագետներն, ովքեր այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում։

Ըստ սցենարի՝ Հիմնադրամի աշխատակիցները նկարահանող տեսախցիկի միջոցով նկատում են, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը փոխանցում են ԱԻՆ 911 և Արգելոցի աշխատակիցներին, և սկսվում է վարժանքը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդգծել է՝ վարժանքի նպատակն էր իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։

«Այս վարժանքը կրում էր նախապատրաստական բնույթ։ Առաջին անգամ ուղղաթիռ էր կիրառվում, և մենք հասկացանք, որ այն բավականին արդյունավետ էր։ Մենք էլ ավելի բարելավում ենք մեր տեխնիկական միջոցները, տեղի է ունենալու թարմացում»,- նշել է նա։

«Սա շատ կարևոր միջոցառում է, որը պարբերաբար պետք է կրկնվի։ Մենք պետք է պարբերաբար կարողությունների զարգացում իրականացնենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք դիմակայել անտառային հրդեհներին։ Կլիմայի փոփոխության արդյունքում մենք տարեցտարի նկատում ենք, որ նման դեպքերն անխուսափելի են։ 2017 թվականից հետո անհամեմատ տեսանելի է մասնագիտական գործիքակազմի ավելացումը, և եթե մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ կարողանանք համալրել մեր տեխնիկական բազաները, ապա ի զորու կլինենք դժվար պահերին դիմակայել նման իրավիճակների»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Մասնակիցները բարձր են գնահատել իրականացված աշխատանքները և վարժանքի կարևորությունը։

--00--ԱՀ