ԱԱԾ-ից չեն հիմնավորել, թե ինչու է արգելված Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

հասարակական

Ազգային անվտանգության ծառայությունից չեն հիմնավորել, թե ինչու է արգելված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Այս մասին 24News-ին ասաց անձամբ Փափազյանը։

Ֆրանսահայ գործիչն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ Երևան հասել և իմացել, որ Հայաստան իր մուտքն արգելված է։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում նկատվում եմ անբաղձալի տարր: Ոստիկանությունը առաջնորդեց ինձ դեպի վերադարձի օդանավ, երբ մինչ նոր հասել էի արդեն Երևան, որտեղ մուտքի մոտ ինձ կանգնեցրին և անձնագիրս առգրավեցին: Գիտեի, որ Ադրբեջան ու Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա նաև, որ արգելված եմ Փաշինյանի Հայաստանի մեջ ...», - նշել էր նա։

Փափազյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից որևէ փաստաթուղթ իրեն ցույց չեն տվել։ 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին ասաց, որ ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել այս դեպքով։ ԱԱԾ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության աշխատակիցը խոստացավ հետագայում կապ հաստատել այս թեմայով։

Սերգեյ Առաքելյան 

--00--ՏՏ