ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

վֆռ

ԱԱԾ-ն, շրջանցելով օրենքը, թաքցնում է Մուրադ Փափազյանից, թե ինչու է նա ՀՀ-ում հայտարարվել որպես անցանկալի անձ, ինչի հետևանքով նրա մուտքն արգելվել է ՀՀ, փոխարենը՝ տեղեկությունը հայտնվում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից ևս հիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ և զ կետերը, համաձայն որի՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ։ Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Իսկ թե ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար՝ հայրենանվեր գործունեություն իրականացնող և բացառապես ՀՀ շահը սպասարկող Մուրադ Փափազյանը՝ որևէ կերպ պարզաբանում չի տրվում։ Ավելին, պարզվում է, որ Մուրադ Փափազյանին, եւ նրա ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին եւս առ այս պահն ընդհանրապես չի պարզաբանվել, թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ն՝ թաքցնում է, թեև «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մասնավորապես, պարզաբանումներ ստանալու համար Փափազյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմում է հասցեագրել ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը համապատասխանում է ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ ներառված տեղեկատվությանը, արդյոք Կառավարությունը կամ վարչապետի աշխատակազմն է հանդիսանում այն մարմինը, որը դիմել է ԱԱԾ՝ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար, եթե այո, ապա ինչ տեղեկություններ են տրամադրվել, երբ են դիմել և որ օրենսդրական նորմի կոնկրետ լիազորությամբ են գործել, եթե ոչ, ապա որ մարմինն է դիմել ԱԱԾ՝ Մուրադ Փափազյանին անցկանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար և ինչ տեղեկությունների հիման վրա։ Փափազյանի ներկայացուցիչը փորձել է նաև պարզել, թե որքան ժամանակ է տևել Մուրադ Փափազյանի անձնական տվյալների մշակումը՝ պայմանավորված նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու հետ, ինչ չափանիշներով և չափորոշիչներով է ԱԱԾ-ն գնահատել տրամադրված տեղեկությունները, դրանք հիմնավորող ապացույցներն ու դրանց արժանահավատությունը, որոնք են անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Փափազյանին ներառելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև՝ իրավական հիմքերը։ ԱԱԾ-ին հասցեագրված դիմումում դիմումատուն խնդրել է հստակ մատնանշել, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում առկա որ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ից հայտնել են միայն, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված տեղեկությունը ՀՀ ԱԱԾ-ում վարվող ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Մուրադ Փափազյանի վերաբերյալ առկա տեղեկատվության շրջանակներում առկա է. Նրան անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացվել, Փափազյանի վերաբերյալ տվյալներն անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու համար հիմք են հանդիսացել Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռք բերված տեղեկությունները: Իսկ թե ինչ հիմքով է Փափազյանի տվյալները ներառվել անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում՝ ԱԱԾ-ն առհասարակ որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ առանց հստակեցման՝ հղում կատարելով գաղտնիության ռեժիմին: Իսկ թե ինչպես է գաղտնիք հանդիսացող տվյալը, որը թաքցվում է անգամ Փափազյանից, հայտնվել Փաշինյանի աշխատակազմում, առանց Փափազյանի թույլտվության հասել երրորդ անձանց՝ անվտանգության մարմինները կրկին պատասխան չունեն, միայն նշում են, թե իբրև իրենց կողմից որևէ երրորդ անձի տեղեկություն չի փոխանցվել: Ստացվում է՝ Փաշինյանի աշխատակազմը օրենքի խախտմամբ հասանելիություն է ձեռք բերել ԱԱԾ-ի գաղտնի տեղեկատվությանը, ինչի վրա դատախազությունն ու նույն ԱԱԾ-ն աչք են փակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ