Ավո Ադամյանը՝ քաղաքականությանը չխառնվելու, հանրահավաքներին չմասնակցելու, կյանքի ու կարիերայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

մշակույթ

Սիրված երգիչ, դերասան և շոումեն Ավո Ադամյանը գրեթե հարցազրույցներ չի տալիս, բայց 24News-ին հաջողվել է գաղտնիքներ բացել նրա կյանքի, քաղաքականությանը չխառնվելու պատճառների ու հետագա ծրագրերի մասին։

- Ավո՛, մասնագիտությամբ դերասան եք, ինչո՞ւ հետագայում որոշեցիք երգել։

- 7 տարեկանից երգում եմ ռազմահայրենասիրական երգեր։ Աշխարհի տարբեր անկյուններում եռագույնս պատվով բարձրացրել եմ, բայց հետագայում ընդունվել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարան, մասնագիտությամբ օպերետային դերասան եմ։ Մանկավարժականում սովորելուս զուգահեռ Կոնսերվատորիայում ուսումնասիրել եմ դասական վոկալ։ Ե՛վ երգել եմ, և՛ խաղացել։ Եկավ մի շրջան, որ ինձ նկատեցին նաև ռեժիսորները։ Խաղացել եմ «Եղնիկների կածանը», «Պատվի համար», «Խաբկանք» սերիալներում, վերջինս ինձ համար մեգանախագիծ էր, այնտեղ մարմնավորում էի գլխավոր հերոսի կերպարը, հենց «Ավո» էի խաղում։ «Խաբկանքի» soundtrack-ը վստահված էր արդեն երգիչ Ավոյին, այն դարձավ մեգահիթ, որը գրեթե ամեն օր մի քանի միջոցառման երգում եմ մինչ օրս։ 

- Շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերը պատերազմից հետո իրենց ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերում խոսում են քաղաքականությունից։ Ինչո՞ւ նույնը չեք անում նաև Դուք։

- Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, ամեն գլխից էլ կարող են կարծիքներ դուրս գալ, որոնք կխճճեն առանց այդ էլ մաքսիմալ խճճված վիճակը։ Պատկերացնո՞ւմ եք՝ երգիչ կամ դերասան Ավոն քաղաքականությամբ զբաղվի․․․ ես արվեստագետ եմ, ժողովուրդն այդ Ավոյին է սիրում, ես չեմ ուզում խառնվել որևէ քաղաքական հարցի։

- Շատ երգիչներ նախընտրում են երգել հանրահավաքների ժամանակ, դրանով արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը, ինչու չէ՝ քարոզարշավների ժամանակ էլ լավ հոնորար ստանալ։ Ինչո՞ւ Ձեզ նման բեմերում չենք տեսնում։

- Ես ապաքաղաքական, բայց միևնույն ժամանակ շատ հայրենասեր մարդ եմ։ Որևէ ուժի չեմ հավակնում ու սխալ եմ համարում զուտ հոնորարի համար ներկա գտնվել որևէ ուժի հավաքին, չէ՞ որ ես էլ իմ լսարանն ունեմ, որը կարող է տեսնել ինձ այդ բեմում ու գալ «իմ հետևից», առանց իմանալու, որ ես այդ ուժին այդքան էլ չեմ սատարում։ Ես փորձում եմ գործս անել այլ մակարդակով՝ մեր հին հայկական երգերը յուրովի եմ ներկայացնում, լսարանս ինձ դրանով ավելի շատ է ընդունում, սիրում․․․ Ունեմ հայրենասիրական երգերի շարք ստեղծելու նախագիծ՝ «Հայերեն»-ը, որտեղ շատ ռազմահայրենասիրական երգեր են ներառվելու, որովհետև հայրենիքն իմ սրտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում․․․ «Եռաբլուր»-ը, «Տղերքը չկան»-ը, «Անավարտ պատում»-ը, «Մենք կապրենք նորից»-ը, «Կարոտ»-ը ինձ համար յուրահատուկ երգեր են։ Չնայած, որ հայրենասիրական երգերի հանդեպ մեծ սեր ունեմ, այնուամենայնիվ ինքս ինձ ռոմանտիկ ու սիրո երգիչ եմ համարում՝ «Աշխարհի սիրուն»-ը, «Իմաստը կյանքիս»-ը, «Դաժան է սերը», «Գտա»-ն, «Երջանիկ եմ»-ը, «Մեր հանդիպումը պատահական չէր»-ն ու «Մեծ սեր»-ը բազմահազարանոց դիտումներ ունեն, միանգամից սիրվել են լսարանիս կողմից, հիթեր դարձել․․․։

- Ավո, ձեր յութուբյան ու ինստագրամյան էջերը վերջերս են ակտիվացել, բայց չնայած դրան, բազմահազարանոց լսարան ունեք, ձեր երգերը կարճ ժամանակում հիթեր են դառնում։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում, ո՞րն է գաղտնիքը։

- Գաղտնիք չկա, պարզապես սիրում եմ այն գործը, որն անում եմ։ Երազանքներ մանկուց ունեցել եմ ու կամաց-կամաց գնում եմ դրանց իրագործման հետևից։ 7 տարեկան, հայրենասիրական երգեր երգող Ավոն երբեք չէր պատկերացնի, որ կգա մի օր ու ինքն այդքան մեծ լսարան կունենա, գերթանկարժեք տեսահոլովակներ կնկարի, իրեն կճանաչեն թե՛ երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս, բայց արի ու տես, որ երբ անում ես այն, ինչ սիրում ես, արդյունքն այսպիսին է լինում։ Վերջերս եմ վերադարձել Եվրոպայի հյուրախաղերից, ՌԴ տարբեր քաղաքներում համերգներ, Երևանում՝ մենահամերգ եմ ունեցել․․․ հույս ունեմ՝ առջևում դեռ շատ անելիքներ կան։

- Ի՞նչ նորություններ սպասենք ձեզանից ապագայում։ 

- Չակերտները շատ բացել չեմ ուզում, բայց կասեմ, որ Ավոն շատ մոտ օրերս նոր պրոյեկտներով է հանդես գալու։

Զրուցեց՝ Անի Հարությունյանը։