Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ Ազգային հերոս, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

default.jpg

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանին՝ ծննդյան օրվա առթիվ․

«Թանկագին Հրայր,

Շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներս եմ հղում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ձեզ ճանաչում եմ շուրջ 30 տարի, երբ հեռավոր 1990-ականների սկզբին եկաք նորանկախ Հայաստան և սկսեցիք  բժշկի Ձեր հայրենանվեր ու մարդասիրական գործունեությունը Հայրենիքում: Այս ընթացքում  ոչ միայն փրկել եք հազարավոր, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների կյանքեր, այլև ստեղծել սրտային վիրաբուժության Ձեր դպրոցը՝ զարգացնելով բժշկության այդ ճյուղը Հայաստանում, Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին: Պատահական չէ, որ Ձեր աշակերտները Ձեզ համարում են վիրտուոզ վիրաբույժ և հոգատար ուսուցիչ:

Ջերմությամբ ու հաճույքով եմ հիշում մեր զրույցները, որոնցից վերջինը կայացավ Ձեզ Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհելուց հետո. ինձ համար իսկապես մեծ պատիվ էր որպես Հայաստանի նախագահ ստորագրել այդ հրամանագիրը: ԱՐԺԱՆԱՎՈՐ մարդուն՝ արժանի պարգև...

Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Հրայր, առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»:

 --00--ՀԶ