Անկարան անուղղակի միջնորդ է դարձել հայ-ադրբեջանական բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

քաղաքական

Ամենասուր դիտարկումն այն է, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներով արված հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին որևէ խոսք չկա։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած եռակողմ բանակցություններին։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր հայ-արդբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, ինչին հետևել էին կողմերի պաշտոնական հայտարարությունները։

Գանտահարյանի կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափում երկուսը՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ամենախիստ պատժամիջոցային քաղաքականությունն են կիրառում երրորդի՝ Ռուսաստանի նկատմամբ։ «Համատեղ աշխատելու որևէ ձևաչափ չի մնացել, ոչ միայն չի մնացել, այլև մյուս երկուսը Ռուսաստանին դուրս են մղում միջազգային բոլոր ատյաններից»։

Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական բանակցությունների հարցով 3 ուղղությամբ միջնորդություն է իրականացվում։ «Առաջինը եռակողմ պայմանավորվածություններն են, որտեղ Մոսկվան է գերմիջնորդը։ Երկրորդը՝ Անկարան է պարզ դարձնում, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարող է տեղի ունենալ միայն Երևան-Բաքու բանակցությունների գործընթացին զուգակցված, և անուղղակի միջնորդ  է դարձել՝ փոխկապակցելով և իր պայմանները դնելով։ Վաղեմի առաջադրանք էր Բաքվի համար, որ Թուրքիան ներգրավվի իբրև արցախյան հակամարտության լուծման միջնորդ։ Ձևափոխել են հակամարտության եզրաբանությունը, խոսում են Երևան-Բաքու խաղաղության բանակցությունների սկսման մասին։ Երրորդը՝ ԵԽ-ն է, արդեն 2-րդ հանդիպումն էր Բրյուսելում։ Ուստի երեք ուղղություններով՝ Մոսկվա-Երևան-Բաքու, անուղղակի Անկարա-Երևան-Բաքու և Բրյուսել-Երևան-Բաքու, գնում են եռակողմ ձևաչափով հանդիպումներ»։

Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հայտարարության համաձայն՝ մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով է ստեղծվելու։ Ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի՝ ամենաուշագրավը հայտարարություններում դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին է։ «Բայց դա ունի նաև իր ենթաբաժինը՝ կարևոր է ապահովել կայուն, անվտանգ իրավիճակ սահմանագծի երկայնքով և մերձակայքում։ 5 կետանոց ադրբեջանական առաջարկին որպես արձագանք պաշտոնական Երևանը ԵԱՀԿ-ի վերագործարկմանն առընթեր, նաև արծարծել էր մշտադիտարկման, անվտանգության երաշխավորման, գործիքակազմի տեղայնացման խնդիրը»։

«Մոսկվան, Վաշինգտոնն ասում են, որ Արցախի կարգավիճակը չի լուծվել։ Այն ուժերը, որոնք կոչ են անում, որ սահմանազատում իրականանա, միաժամանակ ասում են, որ Արցախի կարգավիճակի խնդիրն առկախ է և հակամարտությունը չի լուծվել, ընդամենը հրադադարի պայմանավորվածություն է, որից բխող նաև այլ պայմանավորվածություններ կան։ Պիտի աշխատել այնպիսի միջազգային իրավաչափության համաձայն, որպեսզի պարզ լինի, որ սահմանազատումը չի ենթադրելու Արցախն Ադրբեջանի կազմում։ Եվ այս դեպքում կարող ենք ասել, որ առանձին են Անկարան և Բաքուն, որոնք ասել են, թե Արցախի հարցն անցյալում է», - նշեց միջազգայնագետը։ 

Նրա կարծիքով՝ ապրիլին ոչ թե սահմանազատումը կսկսի, այլ ուղղակի կկազմվի համատեղ հանձնաժողովը։ «Սահմանազատումը կձգձգվի, որովհետև շատ քաղաքականացված մոտեցումներ են լինելու։ Եթե ուշադիր նայենք Միշելի հայտարարությանը, այնտեղ նաև խոսում է, հակամարտող երկրների միջև համահավասար հեռավորությամբ որոշ տարածքի ձևավորման մասին՝ ասելով, որ ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազման էական տարր է։ Սա անմիջապես ասում է նաև, որ ԵՄ-ն պատրաստակամ է տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն։ Աջակցությունը գործնական քայլերն են, օրինակ՝ անվտանգության համահավասար հեռավորություն, մշտադիտարկման գործիքակազմ։ Իսկ անվտանգության երաշխիքներն ի՞նչ են լինելու, այսինքն՝ չի բացառվում նոր զորքերի տեղակայում։ Աջակցությունը բաց ուղերձ է բազմաթիվ կողմերի, ընդորում՝ Մոսկվային, որովհետև գիտենք՝ այսօր ինչպես են լարվել Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները», - եզրափակեց Շահան Գանտահարյանը։