ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոն Գալագերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
 

նմ

Այսօր՝ մարտի 15-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը:
Նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը:

Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ 2014թ. մինչ օրս ՀՀ ԱԻՆ INSARAG չափանիշներին համապատասխան հիմնական և պահեստային թիմերի և ԱԻՆ աշխատակիցների համար իրականացվող անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների արդյունավետությունը: Հաջողված փորձից ելնելով նախարարն առաջարկել է ընդլայնել անգլերենի ուսուցման ծրագրի շրջանակը:

2020-2022թթ. Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամ»ի (UK CSSF) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (Յունիսեֆ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Արտակարգ իրավիժակների նախարարության հետ համատեղ, «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում 55 հանրակրթական դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ։ 55 հանրակրթական դպրոցներից 29-ում անցկացվել են աղետների ռիսկի կառավարման տարաբնույթ թեմաներով դասընթացներ: Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում անցկացնել ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։

Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է դիտարկել նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և Բրիտանական երկրաբանական ծառայության միջև համագործակցության ծավալման և համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:

Դեսպան Ջոն Գալագերին իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ քննարկման դնել ոչ միայն գործող ծրագրերի շարունակականության, այլև համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները:

--00—ՀԶ