Ռումինիայում ՀՀ դեսպանն այցելել է Ուկրաինային հետ սահման՝ հայ փախստականների հարցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

դեսպան

Մարտի 1-ից 2-ը տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի աշխատանքային այցը Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանակից նահանգներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը հանդիպումներ ունեցավ Ռումինիայի սահմանամերձ նահանգների տեղական իշխանությունների, սահմանապահ, արտակարգ իրավիճակների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Բատաշանիում ՀՀ դեսպանը հանդիպեց Բոտոշանի նահանգային խորհրդի նախագահ Դոյնա-Ելենա Ֆեդերովիչին, Բոտոշանի նահանգի պրեֆեկտ Սորին Կորնիլային, ինչպես նաև նահանգային ճգնաժամային խմբի ղեկավարի հետ, իսկ Սուչավա նահանգում դեսպանն այցելեց Ուկրաինայի հետ սահմանակից Սիրետ սահմանային անցակետ, Սիրետում տեղակայված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն, որտեղ հանդիպեց Սուչավայի նահանգային խորհրդի նախագահ Գեորգե Ֆլուտուրին, Սուչավայի պրեֆեկտ Գեորգե Ալեքսանդրու Մոլդովանուին և Սուչավայի փոխպրեֆեկտ Ալեքսանդրու-Մարիան Սալուպ-Ռուսուին:

Հանդիպումների ընթացքում ՀՀ դեսպանը քննարկեց Ռումինիայի տարածքով ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ փախստականների տարանցման, կացության և առաջին անհրաժեշտ աջակցության ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումների ընթացքում ՀՀ դեսպանը նշեց, որ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների արդյունքում Ռումինիա ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու նպատակով Բոտոշան քաղաքում բացվել է ժամանակավոր հյուպատոսական կետ, որի աշխատանքները համակարգում է դեսպանության երրորդ քարտուղար, հյուպատոսի պարտականությունները կատարող Լիա Միրզոյանը։

Հանդիոպումներին մասնակցում էին նաև նշյալ նահանգներում կամավորական աշխատանքներ իրականացնող տեղի հայկական համայնքային ու եկեղեցական կառույցների ներկայացուցիչները, ովքեր Ռումինիայի տարբեր շրջաններում բնակվող ռումինահայերի հետ աջակցություն են տրամադրում Ուկրաինայից ժամանող փախստականներին նաև Ռումինիայի այլ նահանգներում:

Տեղեկատվություն։ Սիրետ անցակետն ամենածանրաբեռնվածն է Ռումինիայում, մարտի 2-ի դրությամբ այդ անցակետով Ուկրաինայից Ռումինիա ժամանած անձանց թիվը կազմել է մոտավորապես 35․000 անձ:

--00—ՄՀ