Ադրբեջանցի երկու պատգամավորներ արդեն Երևան են ժամանել. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ արդեն ժամանել են Երևան՝ մասնակցելու ԵՎՐԱՆԵՍԹԻ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ 

«Ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում, սակայն մենք ունենք ինստիտուցիոնալ պարտականություններ, որոնք որպես հյուրընկալ երկիր պարտավոր ենք անել»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի պատգամավորները մամուլի հետ շփում չեն նախատեսում։ 

Հիշեցնենք, որ Երևան են ժամանել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ  Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ 

Երեքշաբթի երեկոյան ՀՅԴ երիտասարդական միությունը, ինչպես նաև մի շարք անհատ քաղաքական ու հասարակական գործիչներ պատրաստվում են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա անցկացնել՝ այս կերպ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պատվիրակություններին հայտնելով Արցախում ադրբեջանական հանցագործությունների մասին։

--00--ԿԿ