Կորոնավիրուսով 2 երեխա է Գյումրիից տեղափոխվել Երևան. Շիրակում կորոնավիրուսային լարված իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

կորոնավիրուս

 

Շիրակի մարզում կորոնավիրուսային լարված իրավիճակ է, վարակակիրների թիվն օր օրի ավելանում է: Իրականացվող թեստավորումների գրեթե 80 տոկոսը դրական պատասխանով է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՇՄ առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

«Համաճարակային իրավիճակը լարված է, բայց ոչ անկառավարելի»,- նշեց նա:

Վերջին օրերին աճել է նաև տնային պայմաններում բուժում ստացողների թիվը: Օրական մինչև 110 հիվանդի մասին է խոսքը:

Հիմնական ծանրաբեռնվածությունն այս պահին ընկած է առաջնային բուժօգնության օղակի՝ ամբուլատորիաների վրա: Քովիդի ստացիոնար բաժանմունքները Գյումրիում չեն ծավալվել: Այդ հարցը դեռևս քննարկման առարկա չէ:

«Այս շտամը սուր շնչական վարակի ձևով է ընթանում և չի բարդանում որպես թոքաբորբ: Հոսպիտալացումների ցածր տոկոս ունենք դեռևս: Հավանաբար առկա կենտրոնները բավարարում են հիվանդներին, դրա համար նորերի ծավալման հարց չկա»,- ասաց մարզպետարանի պատասխանատուն:

Հիվանդության աճին զուգահեռ՝ Շիրակի մարզում դանդաղել է պատվաստումային գործընթացը: Այս պահին պատվաստված է մարզի 18-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչության 42 տոկոսը: Ջերմող, կլինիկական այլ ախտանիշերով հիվանդները չեն պատվաստվում մինչև չառողջանան, նաև այն մարդիկ, որոնք հիվանդանում են կորոնավիրուսով, 90 օր չպետք է պատվաստվեն: Հիմնականում այս հանգամանքներով է պայմանավորված պատվաստման նման ընթացքը:

Այսօրվա դրությամբ «Գյումրի» ԲԿ-ի տրիաժում կորոնավիրուսի կասկածով 5 հիվանդ կա:

Լարված աշխատանքային ընթացք ունի նաև Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը: Հիվանդ երեխաների թիվը, ըստ հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հասմիկ Խաչատրյանի, սկսել է աճել վերջին 2-3 օրերի ընթացքում: Այս պահին սուր շնչական վարակով հոսպիտալացված է 27 երեխա, հիմնական մասը՝ բրոնխիտով և ականջի ցավերով:  

«Քովիդ-19»-ի դրական պատասխանով երկու երեխա է տեղափոխվել Երևան: Նրանցից մեկը՝ 5 ամսական, մյուսը 14 տարեկան է եղել:

«Տարբեր ընտանիքների երեխաներ էին: 14 տարեկան երեխայի ընտանիքում բոլորը հիվանդ էին, բայց որևէ մեկը թեստավորված չէր, երեխան ուներ թոքաբորբ ու բավական ծանր վիճակում էր, դեսատուրացված: «Քովիդ-19»-ի հաստատումից անմիջապես հետո տեղափոխվել է Երևան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մյուս երեխայի ընտանիքում ունեին կորոնավիրուսի դրական պատասխան, երեխան կայուն վիճակով է տեղափոխվել մայրաքաղաք»,- մեզ հետ զրույցում ասաց մանկական բաժանմունքի վարիչը:

Թոքաբորբով հոսպիտալացված երեխա հիվանդանոցում այս պահին չկա, սակայն սուր շնչական վարակի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում երկու երեխա է գտնվում:

 --00—ՄՀ