Իրանը կոչ է արել հարգել երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն անհանգստություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հատվածներում նոր ռազմական բախումների բռնկման առթիվ, երկու երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և չսրել իրավիճակը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ արել հակամարտությունը կարգավորել երկխոսությամբ ու խաղաղ միջոցներով:

Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը նկարագրել է իբրև տարածաշրջանային խաղաղության ու զարգացման աստիճանական գործընթացի համար վտանգավոր դրություն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախկինի պես, պատրաստ է կողմերին աջակցել հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հարցում»,- ասել է նա:

--00--ԱԹ