Հայաստանը պատրաստ է համագործակցել ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ԻԻՀ դեսպան

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «ISNA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև ահաբեկիչների դեմ պայքարին ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը:

- Գիտեք, որ Արցախի շուրջ ռազմական գործողություններից հետո, ըստ որոշ ԶԼՄ-ների, տարածաշրջանում մնացել են ահաբեկչական խմբավորումներ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կողմ է այդ խմբավորումների դեմ պայքարի նպատակով համագործակցել տարածաշրջանային երկրների, այդ թվում Իրանի հետ:

Արցախյան վերջին պատերազմին առնչվող ամենադատապարտելի իրողություններից մեկը Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներից վարձկան ահաբեկիչների հավաքագրումը և փոխադրումն էր տարածաշրջան: Այդ ահաբեկիչներն արդեն իսկ հայտնի էին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների դեմ գործած վայրագություններով: Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ:

- Վերջերս Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնության դեպքում պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համաձայն է դրան:

Ադրբեջանական կողմը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Մի կողմից նշվում է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, մյուս կողմից մերժվում է խաղաղ գործընթացի վերսկսումը: Խաղաղության պայմանագիրը նպատակ է, որին կարելի է հասնել միմիայն խաղաղ գործընթացի շնորհիվ: Ուստի ներկայումս անհրաժեշտ է խոսել ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ խաղաղ գործընթացի վերսկսման մասին:

--00--ԱԹ