Փաշինյանն իրեն հռչակել է միապետ, ինքն է որոշում քննիչ հանձնաժողովում ով է լինելու, ես թույլ չեմ տա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի քննիչ հանձնաժողովի հետ, որ մի հատ էլ որոշի՝ ի՞նչ խնդիրների անդրադառնան, ինչին՝ չանդրադառնան։ Նա պատասխանող կողմ է, թող դրա մասին մտածի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում արտախորհրդարանական ուժեր ներգրավվելու՝ Փաշինյանի հայտարարությանը:

«Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 44-օրյա պատերազմի հանգամանքները, ոչ թե 1994 թվականների գործընթացները, դա ընդամենը ծածկադմփոց է լինելու: Ես և հանձնաժողովի մյուս անդամները պետք է որոշենք՝ ով պետք է հանձնաժողովում ներկա լինի: Հանձնաժողովում այդ հարցի վերաբերյալ քննարկում չի եղել, նաև Սահմանադրությունն է արգելում այլ անձանց ներկայությունը, իսկ եթե որպես փորձագետ են ներգրավվում, էլի մենք պետք է որոշենք: Երկիրը ծանր վիճակում է այս անլրջության ու ցինիզմի պատճառով:

Ինչ-որ մեկը իրեն հռչակել է միապետ, ասում է՝ ես եմ որոշում՝ քննիչ հանձնաժողովում ով է լինելու, ես դա թույլ չեմ տա: 

Սամվել Բաբայանը պետք է պատասխանող կողմ լինի, ո՞նց է հանձնաժողով քննելու, ձե՞ռք են առնում: Քիչ է մնում ասեն՝ քննիչ հանձնաժողով պետք է ներգրավված լինեն ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։