Մեղրի համայնքում Արամ Սարգսյանի և Սամվել Բաբայանի կուսակցությունների միջև հուշագիր չի՞ ստորագրվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News

կոլաժ

«Ազատական» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Միքայել Պողոսյանը չցանկացավ պարզաբանել կուսակցության հայտարարությունն այն մասին, որ իրենց քաղաքական ուժը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել։  Ավելի պարզ, ավելի մանրամասն մենք մեր ֆեյսբուքյան էջով հայտարարությունը տարածել ենք, 24News-ին ասաց նա։

 Նոյեմբերի 3-ին «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, որում անձամբ խոսում էր «Ազատական» կուսակցության հետ համաձայնության գալու մասին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Զաքարյանը և հավանաբար «Ազատական» կուսակցության ներկայացուցիչը «համատեղ հուշագիր» ստորագրում՝ Մեղրի համայնքի 5-ամյա կառավարումը հավասարաչափ բաշխելու մասին։

Համաձայն Զաքարյանի մեկնաբանության՝ առաջին 2,5 տարին համայնքը ղեկավարելու է ինքը, իսկ մնացյալ 2,6 տարին՝ ԱԿ-ի թեկնածու Խաչատուր Անդրեասյանը կամ կուսակցությունից մեկ այլ թեկնածու։ Սակայն նոյեմբերի 6-ին «Ազատական»-ի անունից հայտարարություն տարածվեց, որ կուսակցությունը որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։

«Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով», - նշված է քաղաքական ուժի հայտարարության մեջ։

«Ավել բան իրավասու չեմ Ձեզ հայտնել», - 24News-ին ասաց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Միքայել Պողոսյանը։

Հարցին՝ բանակցությունները շարունակվո՞ւմ են համայնքային իշխանության ձևավորման համար, Պողոսյանը պատասխանեց. «Ես Ձեզ արդեն պատասխանեցի, բավականին մանրամասն հայտարարություն է տարածված։ Դրանցից ավել ոչինչ չեմ կարող ասել»։

«Հանրապետություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ չհաջողվեց կապ հաստատել։

Նոյեմբերի 5-ին Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը 24News-ին ասել էր, որ ավագանու անդրանիկ նիստի օրը դեռ որոշված չէ, որի ժամանակ պետք է տեղի ունենա համայնքապետի ընտրությունը։ 

 «Անդրանիկ նիստի օրը դեռ որոշված չէ, որովհետև կուսակցությունների ղեկավարների միջև բանակցային պրոցեդուրաներ են տեղի ունենում», - նշել էր Թումանյանը։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններում «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ավագանու 15 մանդատից համապատասխանաբար ստացել են 6-ը և 5-ը, «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ «Հանրապետություն»-ը ստացել է 2133 ձայն (42.87%), «Քաղաքացիական պայմանագիրը»-ը՝ 1637 (32.90%), «Ազատական»-ը՝ 716 (14.39%), «Ապրելու երկիր»-ը՝ 487 (9.79%)։

 --00—ՄՀ