Մեղրիում Փաշինյանի ու Արամ Սարգսյանի կուսակցությունները լեզու չեն գտնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Քաղաքական

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղի ունեցան համայնքի ավագանու հերթական ընտրությունները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ստացած քվեների արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 6 մանդատ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5, «Ազատականը»՝ 2, «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ։

«Հանրապետություն» կուսակցության խորհրդի և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս քննարկում են մյուս ուժերի հետ համայնքապետի ընտրության հարցը և իշխող ՔՊ-ին մեղադրեց «մանդատագողության» մեջ։

«Քննարկումները դեռ ընթացքի մեջ են, չգիտեմ՝ ինչ ընթացք կստանան, դրա համար չեմ կարող ոչինչ ասել։ Քննարկումներ կան բոլոր քաղաքական ուժերի հետ։ Մոտավորապես պատկերը պարզ է, բայց չեմ կարող այս պահին բարձրաձայնել», - նշեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունների աջակացությունը ստանալուն, ապա Խաչատրյանն ասաց, որ բանակցությունների փուլում են։ «Բայց կարծում եմ՝ նորմալ է, որ ամենաշատ քվե հավաքած ուժին պետք է աջակցեն բոլորը և ոչ թե հակառակը, որովհետև դա ժողովրդի քվեն է։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ Վանաձորի քաղաքապետի հետ կապված պտտվում էր մի արտահայտություն՝ «մանդատագող», չէ՞։ Եթե մեր թեկնածուն չլինի, կդառնա, որ Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չի փոխվել, և մանդատագողությունն ընդամենը փոխանցվել է հաջորդ իշխանությանը։ «Քաղաքացիական պայմանագրի» թիմը, կարծես թե, միտված է հենց մանդատագողության», - եզրափակեց Խաչատրյանը։

Իշխող ուժի կողմից Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի ստանձնել խոշորացված համայնքի ղեկավարումը և իր հերթին էլ մեղադրանքներ հնչեցրեց «Հանրապետություն» կուսակցության հասցեին։

«Մենք մանդատագողությամբ զբաղված չենք։ Իրենք՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, առաջարկած են եղել, որպեսզի մենք իրենց միանանք, կոալիցիա կազմենք։ Իմ, իմ թիմակիցների դիրքորոշումը եղել է՝ «խնդիր չկա»։ Եթե ամեն ինչ արվում է հանուն Հայաստանի Հանրապետության, պատրաստ ենք։ Հետո առաջարկվել է երկու հաստիք, պաշտոն՝ կոմունալ ծառայության պետի պաշտոնը, տեղակալի պաշտոնը, ու իրենք չեն համաձայնվել։ Այսինքն՝ մենք մեր 5 մանդատով փորձել ենք իրենց 6 մանդատին աջակցել, մոտ 1 շաբաթ առաջ ենք քննարկել, ու իրենք չեն համաձայնվել։ Արամ Սարգսյանը համաձայնել էր, բայց հետո դիմել էր այստեղ «Հանրապետություն» կուսակցության՝ ավագանու որոշ թեկնածուների, նրանց կողմից մերժվել էր։ Իրենց կողմից բառացի ասվել է՝ «սա մեր ներքին կուխնյան ա, խի՞ պտի չուժոյ մարդ լինի ստե»։ Իմ տեսակետով՝ սա ոչ մեկի ներքին, անձնական խոհանոցը չէ։ Սա համայնքային խոհանոց է։ Եվ այս համայնքային խոհանոցը պետք է լինի թափանցիկ, բաց՝ ամենաշարքային բանվորից ամենաբարձրաստիճան պաշտոնյայի համար», - մանրամասնեց  Թումանյանը՝ անդրադառնալով «մանդատագողության» վերաբերյալ մեղադրանքին։

Անդրադառնալով «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունների հետ քննարկումներին՝ Թումանյանն ասաց, որ բանակցային պրոցեսի մեջ են։ «Այսօր ընտրական հանձնաժողովն արդեն կհաստատի, նիստ է լինելու, հստակեցումներ կտան ավագանու բոլոր անդամների վերաբերյալ։ Մոտ օրերս՝ նոյեմբերի 1-ից սկսած 5-6 օրյա ժամկետում, գործող համայքնապետը կպայմանավորվի հանձնաժողովականների հետ, անդրանիկ նիստը կկայանա, որտեղ համայնքի ղեկավարի թեկնածուները կկանգնեն ընտրության առջև», - շարունակեց նա։

Բացի այդ, Մեղրիի համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ «Հանրապետության» թեկնածու Բագրատ Զաքարյանին իշխանությունների կողմից նախկինում առաջարկված է եղել բարձր պաշտոն (Սյունիքի դիրքերի պատասխանատու)՝ բարձր աշխատավարձով․ «Հաշվի առնելով, որ ինքը նախկինում լավ թե վատ ռազմական գործիչ է եղել, այսինքն՝ ծառայել է հայկական բանակում, նաև ԱԻՆ-ում  է աշխատել, բայց ինքը հրաժարվել է։ Սա մինչև այս ամենը՝ գարնան վերջ, ամառվա սկիզբ»։

Թումանյանն ընդգծեց, որ ինքն անձամբ չի քվեարկելու «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին։  «Մենք առավել քան վստահ ենք, որ քվեարկման ընթացքում հաղթանակած ենք դուրս գալու, ավելի քան վստահ ենք։ Մեր վստահությունը գալիս է նաև մյուս քաղաքական ուժերի առողջ մոտեցմամբ», - եզրափակեց Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

24News-ի հետ զրույցում «Ազատական» կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար Արամ Ղլեչյանն ասաց, որ դեռևս որոշում չեն կայացրել, թե ո՞ւմ կաջակցեն։ «Դեռևս որոշում չենք կայացրել», - ասաց նա։ 

Հարցին, թե մյուս ուժերի հետ քննարկումների մե՞ջ են, Ղլեչյանը պատասխանեց․ «Մենք ներսում քննարկենք, երևույթները կհասկանանք, որ հրապարակելու տվյալներ լինեն, այդ պահին կտեղեկացնենք»։   

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը 24News-ին ասաց, որ որոշակի քննարկումներ ունեն։ 

«Մեզ համար խնդիրը տեխնիկական չէ՝ որ ուժին պաշտպանենք։ Ավելի շատ փորձում ենք հասկանալ համայնքի զարգացման հարցը։ Այսինքն, 5 տարի համատեղ աշխատանքի ինչ պատկերացումներ կան, որովհետև, ի վերջո, ընտրությունների մասնակցության մեր նպատակը բացառապես համայնքների զարգացումն է և բնակիչների կյանքում ինչ-որ փոքր աշխատանքներով բան փոխելը։ Առաջիկա օրերին կամփոփենք և պատշաճ կտեղեկացնենք», - նշեց նա։

Դիտարկմանը, որ Մեղրիի համայնքապետի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, թե ՔՊԿ-ից կընտրվի համայնքապետը, և որ կստանան անհրաժեշտ թվով ձայները, Առաքելյանն արձագանքեց․ «Ես Մեղրիի համայնքապետի պաշտոնակատարի խոսքերը չեմ պատրաստվում մեկնաբանել»։

--0--ԿԿ

Տեսանյութեր