Ուզենք, թե չուզենք, Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել․ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին, որի շրջանակում անդրադարձել է ինչպես Թուրքիային դերին տարածաշրջանային հակամարտություններում, այդպես էլ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին։

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Իլյա Դորոնով - Մեկ տարի առաջ մենք խոսեցինք Թուրքիայի մասին, որ նա կրկին գալիս է տարածաշրջան, շատ է աջակցում Ադրբեջանին: Մեկ տարի անց ինչպիսի՞ միտումներ եք տեսնում: Թուրքիան հանդարտվե՞լ է:

- Թուրքիան հանդարտվե՞լ է: Ես չեմ կարող նման ախտորոշում անել: Ըստ էության, Թուրքիայի ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև հարավկովկասյան պատերազմը միակը չէր, որը կապված էր Թուրքիայի հետ: Այն ավելի մեծ՝ տարածաշրջանային, գլոբալ քաղաքականության մասն է կազմում: Հիշենք, թե որտեղ է Թուրքիան և ինչու մուտք գործեց Լիբիա, ինչու է այդքան ակտիվ Իրաքում, այսօր ինչու է Լիբանանում, արևելքում, կամ ինչու է այդպես տեղավորվել Սիրիայում, ինչու է Միջերկրականում հրահրում Կիպրոսին, Հունաստանին, ինչու է Եվրոպական միության սահմանում պահում հազարավոր փախստականների: Այս իմաստով Եվրոպան Թուրքիայի գերին է, քանի որ եթե այդ հազարավոր փախստականները մուտք գործեն Եվրոպա, ապա Եվրոպայի կայունության մասին խոսելը շատ դժվար կլինի:

Իլյա Դորոնով - Թուրքիան իրավունք ունի՞ նեղանալու. տասնյակ տարիներ նրան Եվրոպական միություն չեն ընդունում:

- Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ նեղանալու համար պետք է վստահ լինել, որ ճիշտ առաջարկ ես արել: Եվրոպական միություն մտնելն ամուսնության կամ ընտանիք մտնելու պես է: Սակայն Թուրքիան պատրա՞ստ էր մուտք գործել այդ ընտանիք:

Մեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը: Ուզենք, թե չուզենք՝ Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել: Տնտեսական առումով Թուրքիան շատ ազդեցիկ է Վրաստանում: Այսօր Թուրքիան մեծ թափով մուտք է գործել Ադրբեջան: Հասկանալի է նման պատերազմից հետո թուրքական զինված ուժերի ազդեցությունը ադրբեջանական զինված ուժերի վրա, նա մեծ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ինքնիշխանության վրա, ազդեցություն ունի Ադրբեջանի տնտեսության, համապատասխանաբար՝ լոգիստիկայի, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ նավթատարների վրա, որոնք գնում են Բաքվից Թբիլիսի, Ջեյհան: Թուրքիան ռազմաքաղաքական առումով դարձել է ավելի ազդեցիկ: Մյուս կողմից, թուրքական տնտեսությունն աշխարհում ամենալավերից չէ: Ինչպես հայտնի է, շատ ներդումային ընկերություններ դուրս են գալիս Թուրքիայից: Տնտեսական անկումը փոխհատուցվում է մեծ ակտիվությամբ:

Իլյա Դորոնով - Հարցնեմ Իրանի մասին: Մեկ տարի առաջ մենք այդ երկրի մասին չէինք լսում, իսկ այսօր Իրանը ևս նշանակալի դեր է սկսել ունենալ: Հայաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, որոնք ավելի սերտ են դարձել, քան մեկ տարի առաջ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նախ, ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հետ չհամաձայնել: Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ լավ են եղել: Այդ երկրի կառավարությունը նաև ֆինանսապես է աջակցել հայկական հոգևոր և մշակութային կենտրոնների պահպանությանը, ի տարբերություն Թուրքիայի: Եվ ասել, որ մեր հարաբերություններն ավելի լավն են դարձել...

Իլյա Դորոնով - Ամեն դեպքում, տպավորություն կա, որ այս պատերազմից հետո այդ հարաբերություններն ավելի սերտ են դարձել:

- Իրանը մեր հարևանն է: Այն, ինչ կատարվում էր Հայաստանի հարավում պատերազմի ընթացքում, անմիջական կապ ունի Իրանի հետ: Այդ հատվածը սահմանակից է Իրանին, և զարմանալի կլիներ, եթե Իրանն ընդհանրապես ոչինչ չխոսեր այդ մասին:

Իլյա Դորոնով - Կարծում եմ՝ Իրանին նաև շատ անհանգստացնում է Թուրքիայի տեղակայումը:

- Իրանին շատ բաներ կարող են անհանգստացնել, ուստի դա իրենց իրավունքն է՝ հայտնել իրենց կարծիքը, իսկ մենք պետք է ականջալուր լինենք դրան: Աստված տա, որ տարածաշրջանի մյուս խաղացողները ևս լսեն այդ կարծիքը:

Հարցն այն է, որ պատերազմից հետո շատերը սկսեցին խոսել, որ պատերազմի ժամանակ շատ դժվար էր ստանալ միջազգային աջակցություն տարբեր կազմակերպությունների, պետությունների կողմից, որոնք ակտիվորեն կսկսեին պաշտպանել պատերազմը դադարեցնելու գաղափարը: Իհարկե, կային երկրներ, որոնք շատ բարեկամական էին, ինչպես Ֆրանսիան, որն անհանգստանում էր և այդ ամենն ի ցույց էր դնում: Սակայն ակտիվության առումով նույնը չեմ կարող ասել մյուս եվրոպական երկրների մասին: Իսկ արդեն պատերազմից հետո բոլորը սկսեցին ակտիվորեն խոսել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր