ՀՀ-ի և աշխարհի հայերս չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան կրկնի 105 տարի առաջ արածը. նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նբս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը CBN News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակում ներկայացրել է հայկական ու ադրբեջանա-թուրքական ահաբեկչական իսլամիստ խմբավորումների մոտեցումների տարբերությունը: 

Նախագահը պատմել է, որ առաջին պատերազմից հետո ԼՂ երկրորդ քաղաքը համարվող Շուշիում կային մի քանի հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Հայերն ամբողջությամբ վերականգնեցին և՛ Սուրբ Ամենափրկիչ տաճարը, և՛ դրանից 500 մետր հեռավորության վրա գտնվող մզկիթը: 

«Այսինքն՝ հայերն իրենց հայրենիքում վերականգնեցին ինչպես եկեղեցին, այնպես էլ մզկիթը: Նոր պատերազմի սկսվելուց հետո առաջինը, որտեղ ադրբեջանցիները հարվածեցին Շուշիում, եկեղեցին էր: Հարվածելու ժամանակ եկեղեցում երեխաներ էին, տարեցներ, որոնք հուսով էին, որ այդտեղ ապահով կլինեն: Այդտեղ էին նաև օտարերկրյա լրագրողներ: Սա տալիս է հակամարտության պատկերը»,-ասել է Արմեն Սարգսյանը, ապա հիշեցրել, որ հայերն Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարավոր տարիներ:

«Նրանք հպարտ մարդիկ են, մարտիկներ են, որոնք կպայքարեն մինչև մահ: Նրանք ունեն Հայաստանի աջակցությունը, որովհետև ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներս, այլև ամբողջ աշխարհի հայերը, չեն կարող թույլ տալ, որ Թուրքիան կրկնի այն, ինչ իրականացրել է 105 տարի առաջ. 1,5 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքը, հարյուր հազարավորները ստիպողաբար տարհանվել են, գնացել են անապատներ և հասել են տարբեր երկրներ՝ Լատինական Ամերիկա, ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան և շատ արաբական երկրներ»,-նշել է նախագահը: 

Արմեն Սարգսյանը նաև հիշեցրել է, որ ժամանակին հայերը ապաստան են ստացել արաբական երկրներում՝ նրանց կողմից ընդունվելով որպես եղբայրներ:

«Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»,-ասել է ՀՀ նախագահը:

--00—ԼՄ