Արարատում՝ 311, Արմավիրում՝ 510 կգ մսի խմբաքանակ կոչնչացվի․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի ու Արմավիրի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Արարատի մարզի 8 համայնքներում՝ ներառյալ Արարատ, Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքները, և Արմավիրի մարզի 6 համայնքներում՝ ներառյալ Էջմիածին ու Արմավիր քաղաքները, կատարվել է 41 ստուգայց:

Արարատի մարզում 8, իսկ Արմավիրի մարզում 6 տնտեսավարողների մոտ առկա միս-մսեղիքի համար սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը չի ներկայացվել:

Այդ խանութներում վաճառքի հանված ոչ սպանդանոցային ծագման մսի ողջ խմբաքանակի (Արարատում՝ մոտ 311կգ, իսկ Արմավիրում՝ մոտ 510կգ), իրացումը  կասեցվել է և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

ՍԱՏՄ-ն հորդորում է սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:

--00—ՄՀ